2021թ. մարտի 16-ին վերջապես տեղի ունեցավ մեծագույն քաղաքական լյուստրացիան: Ինչու հենց մարտի 16-ին? Մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջը ոչ թե ապրիլի 24-ն է, այլ մարտի 16-ը: Այո, մենք ցեղասպանության ժամանակ հսկայական քանակի զոհեր տվեցինք, բայց ռուս-թուրքական կեղտոտ գործարքի հետևանքով մենք կորցրեցինք հայրենի ուժեղ պետականություն ունենալու ֆանտաստիկ շանսը, որ ազգերին հազվադեպ է տրվում: Պետականություն, որի հաջողության պարագայում մենք կարող էինք վերականգել մեր կորցրած քանակը: Մենք կունենայինք նաև այդ նոր, մեծաթիվ բնակչության այն անհրաժեշտ որակը, առանց որի, ինչպես տեսնում ենք, ոչ մի կերպ չի ստացվում անկախ պետականություն ստեղծել: Մենք կունենայինք ռազմական առումով ապահով երկիր, և հենց սա էլ թույլ կտար ունենեալ ագրեսիվ ախորժակները զսպած հարևաններ, որոնց հետ կարելի կլիներ գոյակցել և առևտուր անել: Եթե մենք սա դեռ չենք հասկացել, ապա մեծ ցավով պետք է ընդունենք, որ քաղաքական հասունացման և պետականակերտման ճանապարհի առաջին վախվորած քայլերն ենք անում:
Իսկ ինչպիսին են այդ քայլերը: 2021թ. մարտի 16-ի լյյուստրացիայի արդյունքներով ունենք հետևյալ պատկերը.
Հայաստանի քաղաքական դաշտը ներկայումս բաղկացած է 3 ճամբարից.
1. Իշխանական թևը:
Մարտի 16-ին չարեց որևէ պաշտոնական հայտարարություն: Հանրային հեռուստատեսության երեկոյան լուրերով որևէ ինֆորմացիա չգնաց ազգային ուժերի հանրահավաքի և ռուսական դեսպանատան դեմ իրականացրած ակցիայի մասին: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում ռուսական դեսպանատան դեմ բողոքի ակցիաները տեղի են ունենում ֆուտբոլային խաղերի հաճախականությամբ և լուրերի արժանի իրադարձություն չեն: Սա նշանակում է, որ կամ իրենք չենք հասկանում մարտի 16-ի խորհուրդը, կամ իրենք կառավարվում են Կրեմլից: Պատկերացնել, որ չեն հասկանում, դժվար է, որովհետև այդ դեպքում պետք է ընդունենք, որ նրանք տկարամիտ են և այդ տկարամիտները կառավարում են մեր երկիրը: Շատ ավելի տրամաբանական է մյուս վարկածը, որ նրանք կառավարվում են ոխերիմ “դաշնակցի” կողմից: Պեսկովի այն հայտարարությունը, որ “և’ Քոչարյանը, և’ Փաշինյանը մեզ համար արժեքավոր գործիչներ են” տարընթերցման տեղ չի թողնում: Ասվածը հաստատվում է նաև հետևյալ փաստերով.
Ներքին քաղաքականություն
• Խոստացված դատական բարեփոխումները չեն արվել
• Ընտրական օրենքի խոստացված փոփոխությունները չեն արվել
• Կուսակցությունների մասին օրենքի խոստացված փոփոխությունները չեն արվել
• Նախկին հանցագործ ռեժիմի “հերոսները” չեն պատժվել և թալանվածը չի վերադարձվել
Արտաքին քաղաքականություն
• Պատերազմը ողբերգական ձևով տանուլ է տրվել
• Հայաստանը վերադարձել է 100 տոկոսանոց արտաքին կառավարման տակ: Կրեմլի բոլոր ասածները կատարվում են հլու-հնազանդ:
Ակնհայտ է, որ իշխանության վարկանիշը առաջին իսկ մաքուր ընտրությունների արդյունքում կգլորվի 80-ից մինչև մոտ 25-35 տոկոս: Նիկոլ Փաշինյանի աստեղային ժամանակն անվերադարձ կերպով անցել է:
2. 17+ Վ.Մանուկյան
“Փրկիչները” մարտի 16-ին որևէ հայտարարություն չեն արել: “Նժդեհական“ ՀՀԿ-ն, “Յեղափոխական“ ընկերները, “բարգավաճող պնակալեզները“, նախկին վարչապետը՝ “գանգրահեր և հանճարեղ”, մնացած “թունդ ազգային” կուսակցությունիկները՝ մի քանի հոգուց բաղկացած ու ԿԳԲ-ի գեներալը բերանները ջուր էին առել: Մոսկվայի կուրատորները գործողությունների հրահանգ չեին իջեցրել կամ հավանաբար իջեցրել էին անգործության հրահանգ: “Փրկիչները” Բաղրամյան փողոցի վրաններում միացրել էին բարձր երաժշտություն և անվճար սուրճ էին բաժանում: Այնպիսի տպավորություն էր, թե մարտի 16-ը համազգային տոն էր 17+- համար: Պարոնայք, գուցե դուք դեռ տեղյակ չեք, բալց 2021թ մարտի 16-ին դուք հայտվեցիք այնտեղ, որտեղ ի սկզբանե պետք է լինեիք՝ պատմության աղբանոցում:
3. Ազգային արմատական ուժեր: Այս հատվածը զբաղեցնում են 2 կուսակցություն և բազմաթիվ անհատներ.
— Հայաստանի Եվրոպական Կուսակցությունը, որը շատ հստակ եվրոպական ուղղվածություն ունի:
— Սասնա Ծռերը, որոնց ցավոք, “ահաբեկիչների” պիտակից չի հաջողվում ազատվել՝ ԿԳԲ-ի ջա քերով, բայց մատափիրենց նաեւ իրենց սխալ PR քաղաքականության պատճառով։
— Անհատ անդամներ: Նրանցից շատերը հայտնի մարդիկ են: Կան նաև մեծ քանակով ոչ հայտնի մարդիկ և նրանց մի մասն էլ ապրում է արտասահմանում:
Այս 3-րդ ճամբարը հասկանում է, որ Ռուսաստանի հետ “դաշինքը” շարունակում է պետականության կործանման հայրուրամյա գործընթացը: Այս ճամբարը կողմ է ԱՄՆ-ի հետ ռազմական դաշինք կնքելուն: Իրենք արտաքին կառավարման տակ չեն գտնվում և դրա համար էլ վայելում են Կրեմլի անթաքույց ատելությունը:
Կան նաև մի խումբ մանր կուսակցություններ, որոնք դեռ այս 3 ճամբարներից ոչ մեկին չեն հարում: Կարելի է ենթադրել, որ նախընտրական փուլում նրանց մեծ մասը կփորձի տեղավորվել վերը նշված ճամբարներից մեկում:
Մարտի 16-ի լյուստրացիայի և քաղաքական գույքագրման արդյունքներն իսկապես աղետալի են: 3 քաղաքական ճամբարներից 2-ը սպասարկում է ոչ թե սեփական երկրի, այլ ոխերիմ “դաշնակցի” շահերը: 3-րդ ճամբարը դեռ շատ սակավամարդ է: Սակայն ժամանակը և Լյաձիմիր Լյաձիմիրովիչը աշխատում են 1-ին և 2-րդ ճամբարների դեմ: Կյանքի օբյեկտիվ ընթացքը կսստիպի մարդկանց աստիճանաբար համախմվել 3-րդ ճամբարի շուրջը: Ռուսական կայսրության փլուզվելը և Հարավային Կովկասից հեռանալը շուտով կդառնա ակնհայտ նույնիսկ ամենալվացած ուղեղների և ամենաագրեսիվ ռուսուլմանների համար: Պուտինը շատ արդյունավետ կերպով ՌԴ-ն տանում է փլուզման և վստահ եմ, որ նա մեզ հուսախաբ չի անի:

ՀԱՅԿ ՏԻԳՐԱՆՅԱՆ