Լրագրող ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Lragir.am-ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը

Պարոն Խզմալյան, ի՞նչ քայլեր պետք է անել, որպեսզի հայանպաստ լուծումներ ունենանք։

Իմ խորին համոզմամբ՝ մենք արդեն ստացել ենք ուղղությունը։ Եվրոպական միության հետ վավերացված համապարփակ համաձայնագիրը մեզ համար դուռ է բացում դեպի եվրոպական ընտանիք, դեպի քաղաքակիրթ աշխարհ։ Մենք պետք է բարձրաձայնենք և ժողովրդին հասկացնենք, բացեք նրանց աչքերը այն հանգամանքի վրա, որ պատերազմի ողջ ընթացքում և պատերազմից հետո հենց Արևմտյան աշխարհը, հատկապես Ֆրանսիան, հիմա նաև ԱՄՆ-ն, փորձում էին և շարունակում են փորձել պաշտպանել հայերի շահերն Արցախում, Հայաստանի ինքնիշխանությունը, մեր ֆիզիկական գոյությունը։

Ուստի՝ ի՞նչ պետք է անել, նախ և առաջ պետք է օր առաջ, ժամ առաջ փոխել մեր ողբերգական գոյությունը ռուս-թուրքական թակարդում, որի 100-ամյակն է նշվելու մոտ մեկ ամսից։ Մարտի 16-ին լրանում է ռուս-թուրքական պայամանագրի 100-ամյակը։

Մեր քաղաքական աշխատանքը հիմա ուղղված է մեկ գլխավոր գերխնդրի լուծմանը՝ դա Հայաստանի միացումն է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին։ Վերջին օրերին Ֆրանսիայի դեսպանատան կողմից թափանցիկ ակնարկներ են արվում նաև ռազմական օգնություն ստանալու վերաբերյալ։ Այսինքն՝ ժողովրդին հուզող և անհանգստացնող ամենամեծ բարդույթը նույնպես կարող է փարատվել։ Անտեսել դա անթույլատրելի է։ Մենք հասկանում ենք, որ պաշտոնական Երևանը և մեր լրատվական դաշտում տիրող պրոռուսական գործակալությունները փորձում են թաքցնել դա։ Մեր կուսակցության և Ազգային ժողովրդավարական բևեռի խնդիրն է ընդլայնել այդ հարցադրումը և բացատրել մարդկանց իրական ազդանշանները։

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ի՞նչ հնարավորություններ կան Արցախի հարցով գործընթաց սկսելու, այդ թվում՝ կարգավիճակի հարցին լուծում տալու ուղղությամբ։ ԱՄՆ և Ֆրանսիայի կողմից կարծես կա ցանկությունը՝ գործընթացը վերսկսել Մինսկի խմբի շրջանակներում։

Պատերազմի ընթացքում հստակ երևաց, որ Մինսկի խմբի երկու համանախագահները՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ընդգծում էին խնդրի լուծման խաղաղ եղանակը։ Ռուսաստանը փաստորեն այս ողջ շրջանում՝ Արցախյան առաջին պատերազմից սկսած, մնում էր տարածաշրջանում շնորհիվ պատերազմի։ Բոլոր հարձակումները, որոնք տեղի էին ունենում Արցախի դեմ, նախապատրաստվում էին Ռուսաստանի կողմից։ Ադրբեջանը տվյալ դեպքում գործիք էր, կացինը չի կարելի շփոթել կացնահարողի հետ։ Միամիտ մարդիկ այդպես էլ չհասկացան կացնի և կացնահարողի տարբերությունը։ Ուստի, մենք պետք է դա գիտակցենք։ Ռուսաստանը փաստորեն ինքն իրեն դուրս է մղել Մինսկի խմբից՝ ջարդելով այդ ձևաչափը։ Պուտինը բազմիցս ասել է, որ «Ղարաբաղն ադրբեջանական է»։ Այդ պնդումը հակասում է Մինսկի խմբի ողջ ձևաչափին և ստեղծման նպատակին։ Եթե դուք պատերազմով եք փորձում լուծել այդ հարցը, ապա շատ բնական է, որ Արևմուտքը թույլ չի տալու դա անել։

Ավելին, շատերը չեն հասկանում, որ պատերազմի իրական նպատակը ոչ թե Ադրբեջանի կողմից, այսպես կոչված, կորսված տարածքների վերադարձն էր, այլ դա Ռուսաստանի և Թուրքիայի հարյուրամյա ծրագրի իրականացումն էր, որը հիմա քնքշորեն անվանում են Մեղրիի միջանցք։ Եվ Ադրբեջանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ողբերգական սխալը հենց այն է, որ նրանք փաստորեն փորձեցին աշխարհաքաղաքական ծրագիր իրականացնել այն ժամանակաշրջանում, երբ և Ռուսաստանը, և Թուրքիան գտնվում են, մեղմ ասած, դրա համար ոչ բարվոք ու պատրաստ պայմաններում։ Ուստի, եթե այս ամենը պայմանավորվեր միայն Արցախյան խնդրով, միգուցե Արևմտյան աշխարհի արձագանքը չլիներ այդքան կոշտ և զարգացում չստանար։ Սակայն կարևոր է հենց այն հանգամանքը, որ պետարազմի իրական գերխնդիրը Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային միացումն է, որի մեջ Ռուսաստանը նույնպես ունի շահ։

Ես շատ կարճ բացատրեմ, թե ինչ է տեղի ունենում։ Դրանով Ռուսաստանն ստանում է շատ լուրջ լծակ՝ Վրաստանին մեկուսացնելու համար։ Ադրբեջանը պատրաստ է դատարկել և արդեն դատարկել է Բաքու-Ջեյհան նավթամուղը, իր նավթը դեպի Արևմուտք է ուղարկում Նովոռոսիյսկով, այսինքն՝ ռուսական խողովակներով։ Դա գինն է, որը Ալիևը վճարել է Պուտինին՝ նրա աջակցության համար։ Ռուսաստանի նպատակն է մեկուսացնել ու վերահսկել Վրաստանը։

Մեղրիի երկաթուղային միջանցքը թույլ կտա բացառել նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին։ Եվ կրկին թուրքերն ու ադրբեջանցիները պատրաստ են այդ փոքրիկ զոհաբերությանը և ֆինանսական որոշ ծախսերի, որպեսզի ունենան Մեղրիով կապ և դրանով իսկ նպաստեն նաև Ռուսաստանի գերխնդրին։ Այդպիսով, ըստ այդ նախագծի՝ և Վրաստանը, և Հայաստանը, և Իրանի հյուսիսն անցնելու են ռուս-թուրքական համատեղ վերահսկողության տակ։ Սակայն դա հասկանում են ոչ միայն Անկարայում ու Մոսկվայում։ Միգուցե դա չեն հասկանում Երևանում, ես չեմ կարող ասել։ Ես չեմ զարմանա, որ պարզվի, որ Նիկոլ Փաշինյանը դա անգամ չի հասկացել։ Դա շատ լավ հասկանում են Վաշինգտոնում, Բրյուսելում ու Փարիզում։ Ուստի, ավելի քան վստահ եմ, որ թույլ չեն տա դա անել, որովհետև դա աշխարհաքաղաքական շատ խոշոր բալանսի փոփոխություն կլինի։ Այդ նախագիծը չի համապատասխանում արևմտյան ծրագրերին, որոնք ուղղված են այլ նպատակների։ Այդ այլ նպատակների մեջ, օրինակ, մտնում է Իրանի հետ հարաբերությունների վերսկսումը։ Արևմտյան այդ ծրագիրը քանդում է նման նախագիծը։ Ուստի, պարզ է, որ արևմտյան ուժերը շատ ավելի մեծ են, հզոր ու արդյունավետ, քան ռուս-թուրքական դաշինքի ուժերը։

Մենք շուտով կտեսնենք շատ արդյունավետ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ։ Հետո, իմ կարծիքով, դա ուղղվելու է Թուրքիայի, այնուհետև Ադրբեջանի ուղղությամբ։ Այնպես որ, մեր գերխնդիրն է հիմա փոխել մեր քաղաքական ձևաչափը և դառնալ մեր իրական ընկերների դաշնակիցը, ինչպես եղել է 100 տարի առաջ։

Ինչ վերաբերում է Արցախի ճանաչմանը, բացարձակ պատահական չէ, որ եվրոպական երկրների խորհրդարաններում խոսվում է Արցախի իրավունքների ճանաչման, դեօկուպացիայի մասին, որը չեն համարձակվում արտաբերել Երևանում։ Սակայն այդ մասին խոսում է Եվրոպան, և դա պատահական չէ, որովհետև եվրոպական խորհրդարանների որոշումները հիմնված են սկզբունքների, արժեքների վրա։ Եվ այդ կառավարությունները, օգտագործելով մարտավարության համար այլ միջոցներ, այնուամենայնիվ ունեն իրենց ազգային խորհրդարանների ռազմավարական որոշումը։

Ուստի, բացարձակապես չեմ կասկածում, որ Արցախի բավական զգալի տարածքները վերադարձվելու են հայության վերահսկողությա տակ, եթե հայությունը իր ճակատագիրը վերցնի իր ձեռքը։ Այդ դեպքում մենք կկայացենքն միակ ճիշտ ընտրությունը՝ դեպի Եվրամիություն, դեպի ՆԱՏՕ՝ որպես անդամակցության թեկնածուներ։