ArmDaily.am-ը զրուցել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ, ԱԺԲ-ի նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանի հետ:

-Պարոն Խզմալյան, վերջին շրջանում ԱԺԲ-ն Երևանում և տարբեր մարզերում իրազեկման հավաքներ ու երթեր է իրականացնում: Որ՞ոնք են ԱԺԲ-ի կարևորագույն դրույթները և ի՞նչ արձագանքներ եք ստանում ժողովրդի կողմից, արդյունքները գոհացնո՞ղ են:

-Իրազեկման խնդիրն առաջնահերթություն է, քանի որ ռուսական հատուկ ծառայությունների և նրանց տեղական գործակալների որոշմամբ շարունակում ենք մնալ տեղեկատվական շրջափակման մեջ, որոնց նպատակն է խանգարել աշխարհին և ժողովրդին՝ նկատել երրորդ ուժի գոյությունը:
Մեր հանդիպումների նպատակներից է մարդկանց ոգևորելը, մի փոքր թեթևացնել այն հոգեբանական ճնշումը, որը շարունակվում է նույն գործակալների միջոցով հսկայական ծավալով տարածվել մեր երկրում՝ նպատակ ունենալով ստեղծել խուճապ՝ ինչն ավելի կառավարելի է դարձնում հասարակությանը:
Հաջորդ մեր նպատակը, դա մեր աշխատանքն է աշխարհի հետ: ԱԺԲ-ն կարևոր որոշում է ընդունել՝ դիմել ԱՄՆ-ին՝ Հայաստանին՝ ոչ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակցի կարգավիճակ տալու համար:
Սույն ամսվա 15-ին, պատրաստվում ենք այցելել Ֆրանսիայի դեսպանատուն՝ նախագահ Մակրոնին և Սենատ փոխանցել նամակներ, որոնցում մենք ողջունում ենք մեր պատմական դաշնակցին և բարեկամ երկրին, շնորհակալություն ենք հայտնում այն աջակցության համար, որը Ֆրանսիան և փորձում էր և իրականացրեց, չնայած, ինչը զավեշտալի է, ՀՀ իշխանությունների դիմադրությանը և խնդրելու ենք քաղաքացիական, ԱԺԲ-ի և հենց (Հայաստանի Եվրոպական) կուսակցության անունից՝ ուսումնասիրել միջամտության հնարավորությունները: Խոսքը ռազմական միջամտության մասին չէ, սակայն, չի բացառվում, որ որոշակի քանակությամբ սահմանափակ զինվորական կոնդիգենտ նույնպես տեղադրվի Հայաստանի տարածքում, ինչը մեզ կօգնի կարգուկանոն հաստատել երկրում, փարատել մարդկանց վախը և հակադրվել ռուսական հատուկ ծառայությունների շարունակվող ճնշմանը: Մենք նաև առաջարկում ենք Հայաստանը դուրս բերել ռուս-թուրքական այս թակարդից: Դա տեսնում ենք արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխությամբ, այսինքն՝ միացում եվրոատլանտյան քաղաքականությանը՝ ԵՄ-ին, ԱՄՆ-ին՝ փոխելով ռազմաքաղաքական դաշինքը:
Այս ուղով ենք տեսնում բոլոր հարցերի լուծումը, այդ թվում՝արցախյան խնդրի:
Ինչ վերաբերում է արձագանքներին, պետք է ասեմ, որ մարզերից մեզ կանչում են: Մեզ Լոռուց են կանչել, Գյումրու հավաքը ևս հրավեր էր, Չարենցավանում բնակիչները բացեցին ԱԺԲ-ի գրասենյակ, մեզ էլ հրավիրեցին բացմանը: Այսինքն՝ նախաձեռնությունները գալիս են ներքևից, ինչը շատ կարևոր է:

-Ի՞նչ է նշանակում լինել ոչ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից պետություն, ի՞նչ նախադրյալներ են հարկավոր դրան հասնելու համար, Արդյո՞ք Հայաստանը, այսօրվա իր կարգավիճակով կարող է հասնել այդ ստատուսին և ի՞նչ կտա այն մեզ:

-Ոչ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակցի կարգավիճակ տրամադրվում է միայն ԱՄՆ-ի կողմից, և, գրեթե երկու տասնյակ երկրներ օգտվում են այդ կարգավիճակից, այդ թվում՝ Ճապոնիա, Ավստրալիա, Թայվան, Հարավային Կորեա և այլն, որոնք ևս ունեն տարածքային և անվտանգային խնդիրներ:
Իսկ Վրաստանն ու Ուկրանիան մոտ են այդ կարգավիճակը ստանալուն, որոնք պատերազմի մեջ են գտնվել Ռուսաստանի հետ, կրել են տարածքային կորուստներ, սակայն դա նրանց չի խանգարել հավակնել՝ ստանալ այդ կարգավիճակը:
Այդ կարգավիճակը հայաստանին պետք է շատ շտապ, որը կարող է լինել ժամանակավոր, թեև (Հայաստանի Եվրոպական) կուսակցությունը պնդում է, որ Հայաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի լիիրավ անդամ, ինչը պահանջելու է ավելի երկար ժամանակ և բազմաթիվ նախապայմանների ապահովվում:
Քանի որ գիտենք, որ կառավարությունը, քաղաքական դաշտը, քաղաքական այլ ինստիտուտներ՝ տնտեսական, հատուկ ծառայություններ, բանակի զգալի մաս, Պաշտպանության նախարար, որոնք գտնվում են օտարերկյա, մասնավորապես՝ ՌԴ-ի վերահսկողության ներքո, ավելի շատ ծառայում են Ռուսաստանի շահերին, քան Հայաստանի, Հայաստանի անվտանգության ու ժողովրդին: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մենք չենք կարող սպասել, որ իշխանությունները պաշտոնապես դիմեն, այդ պատճառով մենք դիմում ենք մեր քաղաքական ուժի կողմից՝ հենվելով լայն զանգվածների վրա: Հուսովվ ենք՝ այս մեր նախաձեռնությունը հասարակական լայն աջակցություն կստանա, որում մենք օրեցօր համոզվում ենք: Նաև սա է պատճառը, որ մեզ խանգարում են իրազեկել մարդկանց:
Ոչ ՆԱՏՕ-ի դաշնակից պետության կարգավիճակը մեզ կտա անվտանգության երաշխիք, զսպիչ գործոն կհանդիսանա մեր թշնամիների համար:
Վստահ ենք, որ ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի դրոշը մեր սահմաններին՝ անգամ առանց լուրջ ռազմական ներկայության,կսթափեցնի մեր թշնամիներին::
Օրինակ, 2 օր առաջ Ուկրաինա մտան ՆԱՏՕ-ի 2, թե 3 նավ, ինչը շատ լուրջ ազդակ է ռուսական այն շրջանակների համար, որոնք անթաքույց սպառնում են նոր պատերազմով:

-Արդեն 4 ամիս է բոլորը պահանջում են իշխանության հրաժարականը, սակայն, ոչ մի արդյունք: Ընդդիմությունը ինչու՞ չի գնում կտրուկ քայլերի՝ փոխարենը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցն են քննարկում, ինչի շուրջ ևս կան տարաձայնություններ, իսկ այդ ընթացքում, փաստորեն, երկիրը շարունակում է մնալ անկայույունության մեջ՝ խորացնելով ճգնաժամը բոլոր ոլորտներում:

-Բանն այն է, որ իրականում ոչ մի պայքար էլ չկա: Կարծես թե ոչինչ չի խանգարում լուծել այս խնդիրը: Եկեղեցին և բանակը, ակադեմիական շրջանակը և քաղաքական շրջանակները դեմ են արտահայտվում Փաշինյանի իշխանությանը: Ի՞նչն է խանգարում այսպես կոչված 2 ընդդիմադիր խորհրդարանական խմբակցություններին դնել մամդատները և ցրել խորհրդարանը: Այդ գործընթացը տեխնիկապես 1 ժամ է պահանջելու: Սակայն, ինչու՞ 1 ժամում ԱԺ-ն չեն ցրում և ընտրությունների միջոցով նոր կառավարություն ձևավորում, պատճառը շատ պարզ է: Բանն այն է, որ Փաշինյանը և 17+-ը ծառայում են նույն տիրոջը՝ Կռեմլին և իրագործում են նրա սցենարը, որը կոչվում է կառավարվող քաոս: Այն, ինչ պետք է Կռեմլին, դա Փաշինյանի հեռացումը չէ, այլ երկիրը քաոսի մեջ պահելով՝ քանդելն է: Այսինքն՝ Հայաստանն արդեն թույլ տվեց Արցախի աբխազացումը, հիմա հերթը Հայաստանի աբխազացումն է: Եվ մեր մեծագույն մտահոգությունը դա է, որին փորձում ենք դիմադրել:

-Պարոն Խզմալյան, պատերազմից հետո արդեն երկրորդ անգամն է Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում: Կա՞ պատերազմի սպառնալիք:

-Դա շատ պատասխանատու հայտարարություն է, բայց ես քաջություն կդրսևորեմ և կասեմ, որ վտանգը կա միշտ, սակայն այս զորավարժությունները պատերազմի չեն վերածվի, դա թույլ չի տա Արևմուտքը և հենց այդ պատճառով է, որ մենք դիմում ենք արևմտյան դաշինքին:

Իրականում դա կռեմլյան սցենարի շարունակությունն է: Եվ ցինիկ և զարզրելի է տեսնել 17 +-ի և իշխանության մասնակցությունը ռուս-թուրքական դաշինքի այդ սցենարին: Այն, ինչ Ռուսաստանն ու Ադրբեջանը Թուրքիայի հետ անում են դրսից, Փաշինյանի իշխանությունը և 17+-ը անում են ներսից: Նրանց նպատակը նույնն է՝ հոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի վրա, ստիպել ժողովրդին ընդունել այն ստորացուցիչ և նվաստացուցիչ պայմանները, որոնք մեր առջև դնում է Ռուսաստանը:
Իրականում, ոչ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ, ՈՉ ԷԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՎՏԱՆԳ ՉԿԱ, ՈՐՈՎՀԵՏև ԱՐևՄՈՒՏՔԸ ՇԱՏ ՊԱՐԶ ՀԱՍԿԱՑՐԵՑ, ՈՐ ԱՅԼևՍ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԻՑ ՄԱԶ ԸՆԿՆԻ):

Իզաբելա Սուլթանյան