Հարցազրուցավար ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

Մեր զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել էր մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ամենամյա զեկույցը, որտեղ գնահատականներ էր հնչեցրել արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ, նշելով այդ պատերազմում Թուրքիայի մասնակցությունը, նաև մարդու իրավունքների կոպտագույն խախտումները: Ինչպե՞ս եք գնահատում այս զեկույցը:

Հայաստանում պետք է հասկանան, որ 2021 թվականի հունվարից, կոնկրետ Բայդենի նախագահության սկզբից, աշխարհաքաղաքական իրավիճակը կտրուկ փոխվել է այն առումով, որ կրկին, ինչպես Թրամփից առաջ էր, աշխարհը բաժանվում է երկու ճամբարի՝ ժողովրդավարական ճամբար և բռնապետական ճամբար: Այդ մասին տարբեր ձևակերպումներով, բնորոշումներով ասել է ԱՄՆ նախագահը, և փաստորեն, շատ թե քիչ գիտակից ու բանական մարդիկ, քաղաքական գործիչները, քաղաքագետները, հասկացել են այս ուղերձը: Կարծես թե Հայաստանում չկան կամ շատ քիչ են այդպիսի մարդիկ, Հայաստանը շարունակում է գործել այնպես, կարծես թե ոչինչ տեղի չի ունեցել, հետևաբար, մենք կորցնում ենք մեր առջև բացվող հսկայական հնարավորությունները:

Ճիշտ է պետդեպն իր ուղերձում այդ մասին հստակ չի ասել, բայց փոխարենն այդ մասին ուղիղ ասել է Բայդենը, որ Ռուսաստանը գլխավորում է այդ մարդասպանների և բռնապետների ակումբը: ՌԴ նախագահը միակ քաղաքական գործիչն է, որին ԱՄՆ իշխանություններն ուղիղ անվանեցին մարդասպան: Դա վերաբերում է ոչ թե նրա անձնական, այլ քաղաքական բնորոշմանը: Այսինքն եթե ՀՀ իշխանությունները հասկանային, թե սա ինչ է նշանակում, մենք վաղուց արդեն կտրուկ փոփոխություններ պետք է կատարեինք մեր արտաքին քաղաքականության, աշխարհաքաղաքականության մեջ և մեր աշխարհայացքներում՝ անցնելով ժողովրդավարական ճամբար, նախևառաջ ԱՄՆ-ի և ԵՄ-ի: Այդ դեպքում այն բնորոշումները, որոնք տրված էին Ադրբեջանին և Թուրքիային, կլինեին մեր օգտին: Քանի որ մենք մնում ենք ռուս-թուրքական դաշինքի մասը, և քանի որ մեր վայ-ղեկավարները իրենց թույլ են տալիս ազգի անունից հանցավոր ու սադրիչ հայտարարություններ անել հենց հիմա, այս պահին հայ-թուրքական հարաբերությունների լավացման անհրաժեշտության մասին, տրանսպորտային շրջափակումից դուրս գալու և նորանոր զիջումների մասին, դա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները կատարում են ռուս-թուրքական քաղաքական պատվերը և անում են ամեն ինչ, որ խանգարեն ԱՄՆ պետքարտուղարության և Կոնգրեսի, կառավարության ծրագրին: Իսկ այդ ծրագիրն իր մեջ ներառում է նաև արցախյան ողբերգության արդյունքների վերանայումը հօգուտ Հայաստանի:

Փաստորեն Փաշինյանի կառավարությունը հիմա անում է ուղիղ այն, ինչ նրանից ցանկանում են ստանալ Բաքվում, Մոսկվայում և Անկարայում, ի ի հակառակ նրա, ինչ սպասում է ողջ հայ ժողովուրդը:

Զանգեզուրի հետ կապված ի՞նչ զարգացումներ են սպասվում, որովհետև Ալիևը թյուրքական խորհրդի նիստում պատմական հաղթանակի մասին էր խոսում՝ Զանգեզուրի հիշատակումով, որ այն շուտով միավորելու է թուրքական աշխարհը:

Դա երբեք տեղի չի ունենա, որովհետև ի տարբերություն Արցախի, որը դեռևս կարող է դիտվել աշխարհի մեծերի տեսակետից որպես տարածաշրջանային վեճ, հայ-իրանական սահմանի վերահսկողության հարցը այլևս տարածաշրջանային խնդիր չէ, դա դուրս է գալիս զուտ ռուս-թուրքա-իրանա-հայկական խնդիրների շարքից և վերաբերում է համաշխարհային քաղաքականության, աշխարհաքաղաքականության կարևորագույն խնդիրների շարքին: Ուստի արդեն ակնհայտ է, որ դա երբեք տեղի չի ունենա: Արևմուտքը՝ Ամերիկան, Ֆրանսիան, այդ մասին նույնպես ակնարկում են: Պետք է ուղղակի կարողանալ ընթերցել այդ քաղաքական ուղերձները: Սյունիքն իսկապես չափազանց կարևոր խնդիր է և իզուր չէ, որ 100 տարի առաջ ռուս-թուրքական ծրագիրը խափանվեց հենց Սյունիքում: Այո, դա Գարեգին Նժդեհի սխրանքն էր, բայց դա նաև աշխարհաքաղաքական տրամաբանությունն էր: Ոչ մի բան չի ստացվի նրանց մոտ Սյունիքում, և այն սադրանքները, որ տեղի են ունենում Սյունիքում, դա նույնպես հիմնականում ռուս-թուրքական ծրագրի մաս է, որն ավելի շատ քարոզչական նպատակների է ծառայում, որպեսզի վախեցնեն հայությանը, ստիպեն տհաս և քաղաքականապես տգետ հայաստանյան իշխանությանը զիջումների գնալ, և ստեղծել խուճապի մթնոլորտ, որի պայմաններում հայ ժողովրդին կստիպեն անել այն, ինչ պետք է Մոսկվային և թուրք-ադրբեջանական դաշինքին: Նման բան տեղի չի ունենա, եթե Հայաստանը շուտ հասկանա դա, եթե հայ ժողովուրդը ճիշտ կատարի իր ընտրությունը հունիսի 20-ին, և կատարվի իշխանափոխություն հօգուտ ազգային ժողովրդավարական ուժերի: Մենք կանխելու ենք այդ ծրագիրը օր առաջ, մենք դա երբեք թույլ չենք տա: Մենք մեր վստահության համար ունենք լուրջ հիմքեր, դա աշխարհի մեծագույն կենտրոններից աջակցությունն է լինելու:

Հարցումներով իշխող ուժը կարող է ստանալ 31 տոկոսից ավելի, երկրորդ տեղում Քոչարյանի թևն է: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս արդյունքները:

Դուք որևէ տեղ տեսե՞լ եք Ազգային ժողովրդավարական բևեռի թվերը: Այնտեղ գրված է՝ Սասնա ծռեր: Ես հարց եմ տալիս. «Սասնա ծռեր» կուսակցությունը գոյություն ունի՞ այս ցուցակներում, «Սասնա ծռերը» զբաղվո՞ւմ է իր քարոզարշավով: Ոչ: Դուք չեք կարող չիմանալ, որ դաշինքը կոչվում է «Ազգային ժողովրդավարական բևեռ»: Իսկ այդ հարցումներում դուք չեք տեսնում «Ազգային ժողովրդավարական բևեռ» բառակապակցությունը: Սա նշանակում է, որ «Ազգային ժողովրդավարական բևեռը» գոյություն չունի, կամ այդ մասին գիտակցաբար լռում են հարցում անողները: Ես կարծում եմ, որ երկրորդ ենթադրությունն ավելի մոտ է իրականությանը: Ազգային ժողովրդավարական բևեռը երկու կուսակցությունների դաշինք է, որի մեջ մտնում են նաև ոչ կուսակցական մարդիկ: Բայց Եվրոպական կուսակցությունը և «Սասնա ծռերը» որոշել են այս անգամ հանդես գալ ընդհանուր ճակատով: Ես որևէ հարցման մեջ չեմ գտել մեր մասին որևէ հիշատակում, ուստի ես ինձ թույլ եմ տալիս կասկածանքով վերաբերվել այս հարցումներին:

Իսկ եթե մոռանանք «Ազգային ժողովրդավարական բևեռը», ի՞նչ ենք մենք տեսնում. Ենթադրենք իշխող ուժը ունի 30 տոկոս, դրան գումարենք ևս 15 կամ 20 տոկոս, որ ունեն մյուս ուժերը: Դա միասին կազմում է ընդամենը կեսը, իսկ որտե՞ղ է մյուս կեսը: Հենց այդ մյուս կեսն է ամենակարևորը: Համաձայնեք, որ ցանկացած ընտրություններում որոշիչ դերը խաղում է չկողմնորոշված զանգվածը: Եթե հարցումները լինեն անկեղծ, ապա մենք տեսնում ենք, որ գոյություն ունի երեք ուժ. անգամ եթե մենք ենթադրենք, որ փաշինյանական և հակափաշինյանական ուժերը տարբեր են, թեև մենք հասկանում ենք, որ նրանք երկուսն էլ մրցում են Կրեմլի բարեհաճության համար, իրականում նրանք մեկ բևեռ են կազմում՝ պրոռուսական, երկրորդ բևեռը, կամ թող լինի երրորդ բևեռը, որը կոչվում է «Ազգային ժողովրդավարական բևեռ», գոյություն ունի: Մենք առաջին անգամ կազմակերպեցինք ցույց ռուս-թուրքական պայմանագրի դեմ: Մենք բավականին ակտիվ նախընտրական արշավ ենք ծավալել շրջաններում և Երևանում, բայց փաստացի գտնվում ենք լրատվական շրջափակման մեջ: Ուստի հարցումները հարաբերական են: Մենք փորձելու ենք այդ գորշ զոնան, չհաշվարկվող 50 տոկոսը, որն իրականում 70-75 տոկոս է, որովհետև իրականում 15 տոկոսից չեն անցնում ոչ Փաշինյանի, ոչ 17 ուժերի կողմնակիցները, մեր կողմը գրավել: Այդ 75 տոկոսի մեջ մենք փնտրում ենք մեր ընտրողներին, ազգային ու ժողովրդավարական ուժերին սատարողներին:

Lragir.am