Հարցազրուցավար ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

Մեր զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը

Պարոն Խզմալյան, Ձեր կուսակցությունն էլ միացել էր հայտարարությանը, որտեղ նշվում է, որ 1921թ. մարտի 16-ին կնքված բարեկամության և եղբայրության ռուս–թուրքական պայմանագիրն ապօրինի է, քանի որ կնքվել է երրորդ՝ միջազգայնորեն ճանաչված ՀՀ տարածքների և այնտեղ հազարամյակներ շարունակ բնակվող ժողովրդի մասին՝ առանց հայկական կողմի մասնակցության: Մինչդեռ Մոսկվայում կայացել է «Ցեղասպանություն և Առաջին համաշխարհային պատերազմ» կոնֆերանսը։ Միջոցառումը կազմակերպել է Ռուսաստանի հայերի միությունը՝ «սովետական Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև Մոսկվայի պայմանագրի 100-րդ տարելիցի» կապակցությամբ։ Փաստացի նույն փաստաթղթի մասին երկու իրարամերժ հայտարարությո՞ւն են։

Այդ համաձայնագրի վերաբերյալ հայտարարությունը ստորագրեց մեր կուսակցության փոխնախագահը, որովհետև Ազգային ժողովրդավարական բևեռը որպես վերկուսակցական կազմակերպություն է առայժմ հանդիսանում, և որպես Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ նպատակահարմար չէր, որ ես ստորագրեի։ Բայց քանի որ մեր կուսակցությունը ոչ մի տարբերություն չի տեսնում այս երկու նախաձեռնությունների մեջ, որոշեցինք երկուսին էլ աջակցել և ընդհանուր պլատֆորմ հանդիսանալ ապագա համերաշխության և այս ճակատի համար։

Ռուսաստանում պայմանագիրը նշելը, Ռուսաստանի հայերի միությանը ներգրավելն ի՞նչ նպատակ է հետապնդում։

Եթե մենք Ռուսաստանի հայերին որպես մենաշնորհ տալիս ենք ԿԳԲ գործակալներին, որոնք ներկայանում են որպես Ռուսաստանի հայերի միության ղեկավարություն, այդտեղ խոսելու բան չկա՚։ Ընդհանրապես մենք փորձում ենք իրենց հետ երկխոսել, ամեն շաբաթ մեկ օր ԲացTV-ով ռուսերենով հաղորդումներ ենք վարում Վարդանյանի հետ, ունենք էլեկտրոնային կապերի և սոցիալական ցանցերի միջոցով շփումներ, առայժմ այդքանը։ Հենց հիմա հրապարակում մի քանի  հոգի մոտեցան և ասացին, որ այսօր Ռուսաստանից հատուկ եկել են մասնակցելու։ Այնպես որ, ծիծեռնակները գարնանը գալիս են։ Մենք գարունը կբացենք։

Թուրքիայի Ազգային ժողովում տեղի է ունեցել քննարկում, որը նվիրված էր այս պայմանագրի ստորագրմանը։ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենգոլը հայտարարել է, որ պայմանագիրը մեկ դար անց չի կորցրել իր ուժը։

Ինչպես և հարյուր տարի առաջ խիստ համակարգված էր, որովհետև մենք մի քանի ժամ առաջ տեսանք ՌԴ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը, որը ողջունում է Թուրքիայի հետ ավանդական ռազմավարական հարաբերությունները և նշում է մեծ դավադրության հարյուրամյակը։ Այնպես որ, մարդիկ, որոնք ասում են՝ սա պատմական մեռած չաշխատող թուղթ է, չարաչար սխալվում են։ Մենք այսօր ֆիզիկապես ճզմեցինք և գցեցինք այն ՌԴ դեսպանատան դիմաց։ Սա խորհրդանշական քայլ է, բայց ամեն ինչ սկսվում է այսպիսի խորհրդանիշներից։ Եվ այս ամենը ռուսական գործակալական ցանցի ներսից արվող քայլեր են, այսպես կոչված 17-ը և այսպես կոչված կառավարությունը, որոնք իրականում նույն խամաճիկների թատրոնի խամաճիկներն են Կրեմլի ձեռքին։

Պարոն Խզմալյան, Ռուսաստանի Դաշնությունը, ըստ Ձեզ, որքանո՞վ է հետաքրքրված Հայաստանում ներքաղաքական զարգացումներով։

Կարծում եմ, որ նախ Հայաստանը Ռուսաստանի ծայրագավառ է, որտեղ Ռուսաստանին պատկանում են գրեթե ամեն ինչ՝ հանքից մինչև երկաթուղի, հանքից սկսած մինչև հատուկ ծառայություններ, այնպես որ Ռուսաստանը չի էլ դիտում Հայաստանը որպես առանձին միավոր, և վերջին պատերազմը ապացուցեց, որ Ռուսաստանը մեզ օգտագործում է որպես թնդանոթի միս իր աշխարհաքաղաքական ծրագրերի համար, սակայն այստեղ է, որ ինչպես 1988 թվականին մեր դիմադրությունը բերեց Սովետական կայսրության փլուզմանը, ինչպես 1903 թվականին հայոց դիմադրությունը Նիկոլայ Երկրորդի հրովարտակին բերեց առաջին հեղափոխությանը 1904-1905թվականներին, այդպես էլ մեր դիմադրությունը այսօր բերելու է ռուսական, ինչպես նաև թուրքական կայսրությունների փլուզմանը, որովհետև ոչ միայն մեր կամքն է այդպիսին, այլ համաշխարհային զարգացման տրամաբանությունը։ Աշխարհը հիմա կտրուկ բաժանվել է դեմոկրատական և և բռնապետական ճամբարների, և մենք պետք է օր առաջ տեղափոխվենք ժողովրդավարական ճամբար, որպեսզի միասին հաղթենք այդ չարիքի կայսրություններին։

Lragir.am